ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 13-ին՝ ժամը 21:59-ին, տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ս.Ե.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: