Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:
Կարեւորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:
Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային եւ տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և101 տրոլեյբուս:
Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը:
Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
«Տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստի, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100%- ով իրականացնելհամայնքային և պետական ուժերով և հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության և Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար:
«Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երևան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ընդգծել է Հայկ Մարությանը: