«Ըստ տարբեր փորձագիտական տվյալների' ապօրինի ծառահատումները տարեկան 500 հազար խորհանարդ մետրից մինչև 1 մլն խորանարդ մետրի են հասնում և շուրջ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի հետևում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկություն պետք է լինի: Ես առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չեմ նշի, որովհետև չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը: Նախկինում փայտանյութի արտահանման գործող կարգ կար, թե ինչպես է արտահանվում: Բայց հիմա դա արվում է հիմնականում ներքին շուկայում և՛ վառելափայտ, և՛ շինափայտ օգտագործելու համար, նաև տարածված է այդ փայտանյութից ածուխ սարքելը»,- ասաց նախարարը:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը, մասնագետների ներկայացմամբ, ընդամենը 17 հազար խորանարդ մետր է եղել, մնացածն ապօրինի են։
Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև իջևանցիների բողոքի ակցիայի պատճառներին.
«Առաջինը՝ երբ նախկինում անտառհատման տոմսը տրվում էր, դրանով հնարավոր էր ամիսներով շրջանառել և մեկ թղթով ապօրինի մեխանիզմով փայտ հանել: Հիմա դրվել են հսկվող կետեր: Հաջորդիվ օրենսդրական փաթեթը, որ մշակել ենք և շուտով կստանա օրենքի տեսք, խստացումներ են արվել անտառային ոլորտում: Նախկինում վարչական իրավախախտում, եթե արվում էր, հաջորդ անգամ էլ, եթե արվեր նույն արարքը նորից վարչական իրավախախտում էր, հիմա երկրորդ անգամ վարչական իրավախախտման դեպքում արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ ֆիքսվել է փայտի տեղափոխումը, նախկինում միայն հատումն էր: Օրենսդրորեն փակվել են հնարավոր բոլոր սողանցքերը, փոխվել են ղեկավարները, մյուս կողմից ոստիկանությունը, տեսչական մարմինները, կետերը, հսկողություն դնելով, կառավարում են հոսքերը և ապօրինի հատման գործընթացի դեմ հսկողություն է իրականացվում: Խոսքը վերաբերում է Իջևանի, Լալվարի և նաև ճամբարակի անտառտնտեսություններին»: Ապօրինի անտառահատումների վիճակագրությանն անդրադառնալով նախարարը նշեց, որ երկար տարիների ընթացքում ֆիկտիվ վիճակագրությունը ներկայացվել: Իր խոսքում նախարարը շեշտեց, որ վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառհատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն: