«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Հավատարիմ մնալով իմ երդմանը եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին՝ ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին եւ որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի եւ դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին»,–նշել է նա:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանը «բուդկայի» նման սեփականաշնորհելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Հրայր Թովմասյանը ասել է. «Երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում պետք է ասեմ ոչ միայն հանրային ընկալման մեջ, կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները եւ նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուսն անդամների նկատմամբ: Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են: Նման արտահայտությունները պատիվ չեն բերում եւ նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետեւ այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, եւ չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ: Իսկ արդյոք նույնաբովանդակ ձեւակերպումներ կարելի՞ է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ, ես կարծում եմ՝ չի կարելի»։