«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիները մարզպետներից ամենացածր գնահատականը' 2,7 բալ, տվել են Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին: Թերևս նման արդյունքները պատահական չեն, քանի որ հեղափոխությունը Վայոց Ձոր բերել սպառնացող Տրդատ Սարգսյանը ճանապարհի կեսից կարծես թե մոռացավ՝ «ինչի համար են հավաքվել», և բավական հարմարավետ է իրեն զգում այն մարդկանց շրջապատում, ում եկել էր մերժելու: Խոսքն առաջին հերթին Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի մասին է: Ի դեպ, վերջինիս հետ մտերմությունը չի վրիպել նաև Սարգսյանի թիմակիցների ուշադրությունից, ովքեր մեղմ ասած խանդով են վերաբերվում նախկին Հանրապետականի հետ մարզպետի ջերմ շփումներին:
Հասե՞լ է արդյոք հեղափոխությունը Վայոց Ձորի մարզ. այդ մասին թերևս ամենալավ պատկերացումը կտան մարզի բնակիչների առջև ծառացած խնդիրները, որոնց անդրադառնալու համար հեղափոխական մարզպետը ժամանակ չի գտնում: Վերջինս անմնացորդ տրվել է կադրային ջարդի և պարգևատրումների «սուրբ գործին»: Ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանում կրկին պարգևատրումներ էին, մարզպետը սակայն այս անգամ համեստորեն իր անունը ցանկից դուրս էր թողել՝ պատճառաբանելով, որ գումար չկար: Փաստորեն միայն փողի սղությունն է հեղափոխական մարզպետին հետ պահում բյուջեն մսխելուց: Մարզպետի գլխավոր առաքելությունը անցած ութ ամիսների ընթացքում եղել և մնում է բնապահպանության և տարածքային կառավարման նախարարների «սև» գործը կատարելը՝ Ջերմուկի ավագանու դեմ Ամուլսարի վերագործարկման հարցում համաձայնություն կորզելը: Այդ հարցում էլ, ի դեպ, մարզպետը չի հաջողում, քանի որ Ջերմուկի ավագանին, ըստ էության, շատ ավելի է նվիրված հեղափոխական արժեքներին, քան հեղափոխությունը մարզ բերող Սարգսյանը: Թերևս մարզպետի չպարգևատրվելը ինչ-որ տեղ նաև վերևների հրահանգն էր, քանի որ այդ նույն վերևները դեռևս Սարգսյանից գոհ լինելու որևէ առիթ չունեն: Ավելին, մարզպետը այդ վերևներին բավական անհարմար վիճակի մեջ է դրել՝ հայտարարելով, որ եթե ինչ-որ տեղ արդարացված է մասնավոր ընկերության դեմ ճանապարհ փակելը, ապա պետության ներկայացուցիչների դեմ ճանապարհ փակելը ճիշտ չէ: Սարգսյանը կարծես մոռացել է, որ 2018-ի ապրիլին ինքն ու իր թիմակիցները պետության ներկայացուցիչների դեմ էին դուրս եկել, փաստորեն նրանք սխա՞լ էին…