Հուրգադա–Երեւան և հակառակ ուղղությամբ չվերթը վաղը չի իրականացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը։
Նրա խոսքով՝ պետությունը ուղիներ է փնտրում Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Փայասլյանը նաև նշեց, որ հետագայի համար Հուրգադա–Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների իրականացման հեռանկարն այնքան էլ հստակ չէ, քանի որ գումարային խնդիրները դեռ լուծված չեն։
Ստեփան Փայասլյանը նաեւ հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ երկու պատճառ կա չվերթի հետաձգման համար. «Մի կողմը պնդում է, որ գումարային խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ օդանավի բացակայության հարցն է»:
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երեւան– Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։