Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում այսօր տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։
«Իրենց ասելով` հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան իր ոտքով է եկել։ Հավանաբար 2 օրից շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած գնում էր հետևից»,– գրել է նա։
Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
«Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք»,– նշել է Բալդրյանը:
Ազգային պարկից քաղաքացուն հայտնել են, որ քոթոթին նախ տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման համար Դիլիջանում կառուցված կենտրոն, որտեղ 10-15 օր ազատավանդակում պահելուց հետո բաց են թողնելու վայրի բնություն։