Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետները։ Աղբյուրի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։