Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող քաղաքացին մահացել է:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Կոշ գյուղում՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարե պարսպին ապա մոտ 1,5 մ բարձրությունից առաջ ընթացել և հայտնվել բնակչի տան տարածքում:
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան տեղափոխել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որպեսզի շտապ հասցնեն հիվանդանոց: Մոտ 1 կմ առաջ են ընթացել, ապա նկատել են, որ նա մահացել է և ահազանգել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Անդրանիկ Գրիգորյանն ու Անահիտ Պետրոսյանը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: