Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր՝ օգոստոսի 5–ին որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Այսպիսով՝ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու գործողությունը ճանաչվելու է անթույլատրելի ապացույց և աշխատասենյակից առգրավված իրերը ենթակա չեն, որպես ապացույց օգտագործման։
Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։
Նշենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։
Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։