ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասվածի պես ռեզոնանսային չեղավ: Սակայն ելույթի ընթացքում, այնուամենայնիվ, հնչեցին մեսիջներ, որոնք կարելի է ուշագրավ համարել՝ հաշվի առնելով ընթացիկ ներքաղաքական գործընթացները թե Հայաստանում, թե Արցախում:
Գլխավոր հարցը թերևս այն է, թե Փաշինյանի ինչին էր պետք լեփ-լեցուն հրապարակը Արցախի սրտում: Ակնհայտ է, որ վարչապետը մեկ նպատակ էր հետապնդում՝ ցույց տալ աշխարհին, որ վայելում է Արցախի ժողովրդի աջակցությունը: Այդպես է դա իրականում թե ոչ՝ դժվար է ասել, սակայն Փաշինյանը ցանկանում է այդ աջակցության իմիտիացիան ստեղծել, ինչո՞ւ: Աշնանը կարող է մեկնարկել բանակցությունների նոր ռաունդը, բացի այդ ակնհայտ է թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի բացահայտ ճնշումը Փաշինյանի վրա, հետևաբար աջակցությունը Փաշինյանը կարող է օգտագործել ինչպես դրա վրա հենվելով՝ ժամանակ շահելու համար, այնպես էլ այդ աջակցությունը վկայակոչելով որոշ գործարքների գնալու համար:
Հաջորդ ուշագրավ կետը Փաշինյանի ելույթում հնչած կարգախոսներն էին՝ «միացում» և «Արցախը Հայաստան է»: Իհարկե, սրանք անչափ ականջահաճո կարգախոսներ են, սակայն արդյո՞ք տեղին են մի պարագայում, երբ այդ կարգախոսը հնչեցնող անձը մշտապես հայատարարում է, որ Արցախը որպես առանձին սուբյեկտ պետք է մաս կազմի բանակցային գործընթացին՝ վերադառնալով բանակցային սեղանի շուրջ: Արդյոք նման կարգախոսները խաչ չե՞ն քաշում այդ հեռանկարի վրա, թե՞ հենց դա էլ Փաշինյանին պետք է:
Մյուս կարևոր հայտարարությունը վերաբերվում էր արտաքին ուժերի շահերը սպասարկողներին, որոնց կառավարությունը պատրաստվում է կոշտ հակահարված տալ: Ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը: Հասարակության որոշ հատվածներ լուրջ կասկածներ ունեն, որ Փաշինյանի նշված անձինք հենց իր թիմում են և ակտիվորեն զբաղվում են օրինակ Գարդասիլի կամ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզով: Մյուս կողմից կարելի է ենթադրել, թե ում էր հատկապես ուղղված Փաշինյանի այդ մեսիջը, անշուշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդեպ ունեցած համակրանքը ռուսական կողմը չի էլ թաքցնում, և հնարավոր է, որ Փաշինյանը ունի որոշակի մտահոգություն, որ Քոչարյանը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ՀՀ, այլ նաև Արցախի ներքաղաքական գործընթացների վրա, հատկապես, որ Արցախում նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի՝ մինչև 2050 թվականի ՀՀ զարգացման ռազմավարական նախագծին, ապա այն դասական պոպուլիզմի դրսևորում էր, ուրիշ ոչինչ: Ցանկալի կլինի, որ օրվա իշխանությունները հաջողացնեին առնվազն 1-2 տարվա ռազմավարական նախագծեր կազմել, մի բան, որին հեղափոխությունից 15 ամիս անց էլ ականատես չենք լինում, հետևաբար 2050 թվականի մասին խոսելը առնվազն քաղաքական անլրջություն է: