«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը իր էջում տեղեկություն է հրապարակել, ըստ որի' Երևանի երթուղային ավտոբուսներից մեկում իր և մի քանի երիտասարդների միջև տեղի ունեցել է միջադեպ: Քաղաքացու բնորոշմամբ' նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, օգտատերը նաև լուսանկար էր հրապարակել, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը:
Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել է և դանակահարման կասկածանքով բերման ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն, դեպքի հանգամանքները պարզվում են: