Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ապրիլի 24-ի՝ իշխանությունների կազմակերպված միջոցառումներին և դրանց հասցեին հնչող քննադատություններին: «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- հայտարարել է Փաշինյանը:  Ինչպես տեսնում ենք՝ վարչապետը կրկին անգամ հանցագործության մասին հաղորդում է տալիս առանց անուններ նշելու: Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը շատ ավելի կոնկրետ էր թիրախավորում այս կամ այն պաշտոնյային, երբ խոսում էր վերջինիս ատկատների կամ օրինակ՝ օֆշորային սկանդալների մեջ թաթախված լինելու մասին: Արդյո՞ք վարչապետը մոռացել է, որ իր ընդդիմադիր տարբերակը ժամանակին կարծիք էր հայտնում, որ Դիլիջանի դպրոցն ունի օֆշորային ծագում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներքաշված է օֆշորային սկանդալի մեջ, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ատկատներ է վերցնում: Էլեկտրիկ Երևանի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը կառավարության ճոխությունն ու ատկատներն էին: Նա նաև պնդում էր, որ Հայաստանի հանքաարդյունաբերության առյուծի բաժինը օֆշորում է: Այս բոլոր հայտարարությունները, կարծես թե, մոռացվել են հեղափոխությունից հետո, հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ կամ այդ ատկատները և օֆշորները չեն եղել և ընդդիմադիր Փաշինյանին պարզապես ձեռնտու չէ այսօր վերհիշել ժամանակին արված պոպուլիստական և մերկապարանոց պնդումները, կամ Փաշինյանին ձեռնտու չէ այսօր վերհիշել այդ մեղադրանքները: Ի դեպ, եթե խոսում ենք օֆշորի մասին, ապա պետք է նշել, որ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ օֆշորային գոտիներից Հայաստան հոսող կապիտալը հեղափոխությունից հետո ավելացել է: Մինչդեռ նախկին ատկատների և օֆշորների մասին մոռացած վարչապետն այսօր կրկին անանուն մեղադրանքներ է հնչեցնում, ինչը, մեղմ ասած, անլուրջ է…