Երևան քաղաքի ավագանին 1 միլիարդ 726 միլիոն դրամ գումար է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար։
Այդ գումարից 1 միլիոն 571 հազար դրամով գնվելու է 5 սանիտարական մաքրման մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա՝ հետևի բարձմամբ, և 3 կոնտեյներների լվացման մեքենաներ:
«Բացի այդ, 155 միլիոն դրամ հատկացվելու է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Որոշումով նվազեցվել է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը 91 միլիոն դրամով, վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը՝ 35 միլիոն դրամի չափով:
Հիմք ընդունելով նշված փոփոխությունները և վերաբաշխումները՝ բյուջեի վարչական և ֆոնդային մասերը հավասարակշռելու նպատակով վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը ավելացվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով: