ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝ հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է, երրորդում՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողների թիմը:
Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:
Առաջիկայում մասնակիցները ուժերն են չափելու կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևում: Անցկացվել է նաև գրական-գեղարվեստական, պարային-երաժշտական «Տեր և տիկին» փուլը: