Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունները շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հետագա զարգացման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Այս մասին հայտնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։
«Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ՝ երկուսը միասին:
Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ ազդեցության մասին են վկայում, և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Սա շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հետագա զարգացման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չնկատելու տալ հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ուրիշ Հայաստան ենք ունենալու։
Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում:
ՍԴ դատավորի հրաժարականն առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանալու և գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին անդամներից:
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան: Սակայն մի քանի հոգու կողմից ծրագրավորված այս գործողության արդյունքում ձևավորված մթնոլորտը բերելու է նրան, որ ՍԴ-ն այսուհետ արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա իսկապես ռումբ է պետության տակ։ Մենք վերջին ամիսներին համառորեն գնում ենք «իրավական դիվերսիայի» ճանապարհով, որի ճարտարապետը նույն խումբն է։
Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտի վերաբերյալ կարելի է նմանատիպ առաջարկ ներկայացնել, ցանկացած ոլորտ դարձնել կառավարելի: Եվ վստահաբար հենց այս ճանապարհով է գնալու պետությունը, եթե մենք այսօր սա թույլ տանք անցկացնել։ Եթե այս և նմանատիպ վտանգավոր գաղափարները պլանավորվում են մի նեղ խմբի կողմից, միևնույն է այն իրականություն է դառնում ԱԺ մեծամասնության քվեարկությամբ։ Հետևաբար, ԱԺ մեծամասնությունը կրում է նույնքան պատասխանատվություն երկիրը իրավական նիհիլիզմի փուլ տանելու համար։
Նույնքան մտահոգիչ է ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման առաջարկը: Սա հնարավորություն է ընձեռելու կաթվածահար անել ՍԴ գործունեությունը: Չի կարելի ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցումը ազդելու է ՍԴ բնականոն գործունեության վրա, օրենքի ուժով պայմանավորել ինչ-որ քննիչի որոշումով: Այս դեպքում իրավական պետության մասին խոսելն այլևս անիմաստ կլինի:
Սակայն, եթե նույնիսկ քաղաքական նպատակներով այս նախագիծն ընդունվի, ապա մնում է հուսալ, որ կվիճարկվի նման դրույթի սահմանադրականությունը: Մենք ստիպված ենք լինելու արդարանալ նաև միջազգային հարթակներում, քանի որ միջազգային որևէ դատական ատյան կամ փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորումը»,– գրել է Վարդանյանը։