Օրենսդիրը թաղման նպաստ ստացողներին բաժանում է մի քանի կատեգորիաների' կենսաթոշակառուներ, գործազուրկներ, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցողներ: Այժմ խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցողներ. հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար' 50 000 դրամի չափով:
Կենսաթոշակառուներ. կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի' հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո' երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ: Թաղման նպաստի չափը Կառավարությունը սահմանել է 200 000 դրամ:
Գործազուրկներ. առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ' գործազրկության նպաստի եռապատիկի չափով (54 000 դրամ), եթե հուղարկավորությունը կատարած անձը գործազուրկի մահվանից հետո' վեց ամսվա ընթացքում զբաղվածության կենտրոն է ներկայացնոմ դիմում, գործազուրկի մահվան վկայականի պատճենը և բանկային հաշվի համար:
իրավաբան.net