Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով եւ նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձեւով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության եւ ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձեւով՝ իբրեւ թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի եւ կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական եւ, հնարավոր է՝ նաեւ իրավական ազդեցության միջոցներով:

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը եւ համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին եւ Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետեւ ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը եւ չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները: