«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը․
 
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս
  
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությունը բացահայտեց, թե որքան սնանկ ու վտանգավոր է Արցախի սուբյեկտացումը: Մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳՆ-ն, սկզբունքորեն ճիշտ կողմնորոշվելով, հանդես է գալիս հավասարակշռված դիրքորոշմամբ, ՀՀ մաս կազմող Արցախի այսպես կոչված նախկին և ներկայիս ԱԽՔ-երը, կարծես մրցակցելով իրար հետ, յուղ են լցնում հակամարտության կրակի վրա:
 
 Կարող ենք հաստատապես արձանագրել, որ արդեն տեսնում ենք Արցախի արհեստական սուբյեկտացման առաջին թունավոր պտուղները: 5-րդ շարասյան միջնաբերդի վերածված պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ Արցախի անունից հանդես եկող Կրեմլի տեղական գործակալները փորձում են վարել ՀՀ ազգային շահերին տրամագծորեն հակառակ առանձին արտաքին քաղաքականություն: Այս օրինակն ակնհայտորեն մատնացույց է անում «Մեկ Հայրենիք-երկու պետություն» հակահայ հայեցակարգի օտար տիրոջը և նրա տեղական շահառուներին:
 
Ի ցույց դնելով արդեն բացահայտված վտանգը, դատապարտում ենք Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, պահանջում ենք օր առաջ հրաժարվել դրանից և որդեգրել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու քաղաքականություն: Դառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նկատմամբ ՀՀ դիրքավորմանը, պետք է հաշվի առնենք, որ երկուսն էլ մեզ համար բարեկամ են, ուստի այդ առումով մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է դիրքավորել չեզոքության, իսկ հնարավոր դեպքերում՝ նաև միջնորդի ու կայունության կղզյակի տիրույթներում:
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն»