ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի պաշտոնը:
«Այսօր իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:
Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:
Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են' անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»,- գրել էր Հարությունյանը: