Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը խնդիր է դրել իր առջև բուհը դարձնել մի հարթակ, որտեղ այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների, ունեն հմտություններ և կարողություններ նեղ մասնագիտությունների գծով, կարողանան վերարտադրել իրենց: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսության մեջ կա կադրերի էական պակաս, հատկապես որակի առումով: Կադրերի մեծ մասն առնչվում են նեղ մասնագիտական ուղղվածությանը, տնտեսագիտական համալսարանի մասնագիտություններին: Հետևաբար, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի այն մարդկանց, այն կադրերին, որոնք կարող են ինչ-որ ձևով փոխանցել իրենց գիտելիքներն ուսանողներին, այդ հնարավորությունը տալ: Հետևաբար, բոլոր այն փոփոխությունները և զարգացման այն միտումները, որոնք ամրագրված են մեր ծրագրերում, որոնք նաև մենք սկսել ենք իրականացնել, բխում են հենց այս հիմնական խնդրից»,- ընդգծեց Հայրապետյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ հանդիպելով խոշոր գործատուների հետ՝ թե մասնավոր, թե պետական հատվածում, իր համար ցավալի արձանագրում ունեցավ, որ շատ գործատուներ կրկնում են նույն միտքը և գաղափարը, որ թեև Հայաստանը ունի պետական տնտեսագիտական համալսարան, սակայն տնտեսագետ մասնագետները, ովքեր ավարտում են համալսարանը և հետագայում գալիս են իրենց մոտ հարցազրույցի, շատ դեպքերում պատրաստ չեն լինում:
«Գործատուները ասում են հետևյալը. ուսանողը, երբ գալիս է մեզ մոտ հարցազրույցի, մեզ համար էական տարբերություն չկա' նա ունի դիպլոմ պետական տնտեսագիտական համալսարանի, թե ոչ: Միևնույն է, հարցազրույցի ընթացքում փորձելու ենք հասկանալ նրա իրական կարողությունները և հմտությունները: Սա լրջագույն ահազանգ է մեզ համար և իրավիճակը պետք է արմատապես փոխել: Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, որտեղ պարզապես դիպլոմը խոշոր գործատուների համար դարձել է ձևականություն, հետևաբար' համապատասխան գործընթացները սկսեցինք»,- ընդգծեց Հայրապետյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն առանձնացրեց կատարված քայլերից մի քանիսը՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացումը, համալսարանի բյուջեի խնայողությունը և ավելի արդյունավետ ծախսումը, ինչպես նաև բոլոր տեսակի միջնորդությունների բացառումը:
«Համալսարանը բացառել է բոլոր տեսակի միջնորդությունները: Այդ արատավոր և ընդունված պրակտիկան այս ամիսների ընթացքում տեղի չի ունեցել: Կարող եմ դա երաշխավորել, որովհետև իմ կողմից չի եղել մի դեպք, որ նույնիսկ գեթ մեկ ուսանողի միջնորդություն իջնի վերևի մակարդակից: Հետևաբար' այս մոտեցումը և պարտադրել եմ բոլոր օղակներին, դեկաններին, ամբիոնի վարիչներին, որպեսզի կարողանանք այս հարցում իրականում շատ լուրջ փոփոխություն իրականացնել: Որպես ցավալի հետևանք ասեմ, որ հունվարի քննական շրջանի արդյունքում շուրջ 125 ուսանող ստիպված է եղել լքել համալսարանը, որովհետև այդ միջնորդությունների մեխանիզմն ամբողջությամբ վերացվել էր: Իհարկե, ուսանողների կողմից դժգոհություններ եղան, ովքեր ասում էին, որ փոփոխությունները կտրուկ են և չեն կարող միանգամից հարմարվել նոր պահանջներին, բայց մենք բացառում ենք այն դեպքերը, երբ ուսանողը բացարձակապես գալիս է անպատրաստ և ինչ-ինչ պատճառներով և մեխանիզմներով ստանում են գնահատական»,- եզրափակեց Հայրապետյանը: