ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին:
«Սկսեմ նրանից, որ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլյատիվ է․․․ քանի որ դրա պատասխանը տրվել է ինչպես վարչապետի, այնպես էլ այլոց կողմից, եթե հարցը նոր լիներ, ապա «Լիդիանը» թույլատվություն չէր ստանա․․․ Ըստ այդմ' նշվածի համատեքստում չմոռանանք, որ հանքը շահագործելու թույլտվությունը տրվել է նախորդ իշխանության կողմից (որի կոալիցիոն գործընկերները նախկինում լռելյայն էին ու հանգիստ հանքարդյունաբերության բնավ, ոչ արդի տեխնոլոգիաներով, շահագործելու առիթը բաց չեն թողել, իսկ այսօր կուրծք ծեծելով մեյդան են եկել, թե բա դեմ ենք)։
Ըստ այդմ, մենք գործ ունենք «ծանր ժառանգության» հետ, գրեթե համանման ինչպիսին պետական պարտքն է։ Ինչո՞ւ եմ համեմատում պետական պարտքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, քանի որ այդ վարկերը արդյունավետորեն չեն ծառայել իրենց նպատակին, եկեք հրաժարվենք տոկոսներ վճարելուց ու հարցնենք Դուք կողմ եք, որ անարդյունավետ վարկի դիմաց տոկոսներ վճարենք։ Ինձ թվում է, ինչպես կողմ եք, թե դեմ, այնպես էլ այս դեպքում, որպես քաղաքացի, մեր պատասխանը ակնհայտ է, բայց դրանում կա մանիպուլյացիա։
Ըստ այդմ, որպես իշխանություն, պետք է գործ ունենալ ներկա իրավիճակի հետ ու գնահատել երկու դեպքում էլ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, եթե չեք կիսում այդ մոտեցումը, եկեք նույն տրամաբանությամբ հրաժարվենք պետական պարտքի դիմաց տոկոսավճարներ վճարելուց։
Ըստ այդմ, ներկա իշխանությունների, այդ թվում նաև իմ համար, հարցը հետևյալն է՝ կա՞ն արդյոք բավարար հիմքեր «Լիդիանի» գործունեությունը կասեցնելու համար, ինչը և պետք է մանրամասնորեն ուսումնասիրել։