Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում պաշտոնապես մեկնարկեց  միջազգային լուսանկարչական փառատոնը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից և այլն:

 

Լուսանկարչական փառատոնի կազմակերպչական  կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը խորին շնորհակալություն հայտնեց «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Արտակ Թովմասյանին, ով առաջինն է եղել, ում հետ դեռևս 1 տարի առաջ քննարկել է գաղափարը և որը համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը»՝ all.me-ն և Dvin Music Hall-ը, դարձել են փառատոնի հիմնական գործընկերներից մեկը:

 

Թովմասյան բարեգործական հիմնադրամը միջազգային բարեգործական հիմնադրամ է` նվիրված գիտության, մշակույթի և սպորտի զարգացմանը: Կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին ՝ «Սոզվեզդիե» անվամբ: 2017-ի մայիսին այն վերանվանվեց, բայց տեսլականը մնաց նույնը.  հնարավորություններ և համապատասխան պայմաններ ստեղծել ԱՊՀ բոլոր երկրներում գիտության, մշակույթի և սպորտի տարբեր ոլորտների զարգացման համար:

 

 Հայաստանում անցկացվող լուսանկարչական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները 1 ամսվա ընթացքում տարբեր օրերի ներկայացված կլինեն 39 ցուցահանդեսային հարթակներում՝ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանը, Ազգային ժողովը,  ՀՀ նախագահի նստավայրը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Հյուսիսային պողոտա, սրճարաններ, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններ և մի շարք այլ վայրեր: Փառատոնը կշարունակվի մոտ մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 28-ը։ Փառատոնի գլխավոր խորագիրն է «Եղիր յուրահատուկ» (Be Unique):

Փառատոնի մասնակիցների թվում էր Ֆրանսիան ներկայացնող լուսանկարիչ, քանդակագործ Դավիթ Ապիկյանը, որին են պատկանում նաև, ինչպես ասաց Տաթև Մնացականյանը, «Գլադիատոր» ֆիլմի գրաֆիկական աշխատանքները։ Դավիթ Ապիկյանի աշխատանքները կարելի է տեսնել  «Albert & Tove Boyajian» պատկերասրահում։

 

Յուրահատուկ նկարներով է ներկայացել նաև Իսպանիայի ներկայացուցիչ Անտոնիո Մորան, որը ներկայացնում է մոգական ռեալիզմը։

«Ֆոտոֆեստիվալն առաջացավ իմ գլխում և այդ ամբողջ իմպրեսիան եկավ Ֆրանսիայից, քանի որ ֆոտոգրաֆիայի ընտանիքը, արմատները Ֆրանսիան է: Ես ցանկացա, որ նման մի խենթ բան նաև Հայաստանում լինի»,- ասաց փառատոնի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը։

Լուսանկարչական փառատոնն անցկացրել է նաև ինտերնետային կոնկուրս, որին 500-ից ավել մասնակից ներկայացրել էր իր աշխատանքները։ Տարբեր երկրներից ժյուրիի 10 անդամներն ընտրել էին լավագույն եռյակին։ Երրորդ տեղը զբաղեցրել էր և բրոնզե մեդալի արժանացավ Իրանի ներկայացուցիչ Մահբոբեհ Ֆարաջոլահին։ Նկարի անունն էր՝ «Պարզապես ծիծաղ»։ Երկրորդ մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող Եսայի Դուրմուզյանը, որը ներկայացրել էր Սևանը։ Առաջին տեղը զբաղեցրեց Հնդկաստանը ներկայացնող Կաուշիկ Մաջումդերն՝ իր ձիերի մրցավազքը նկարով։ Առաջին մրցանակակիրը, սակայն, չէր կարողացել Հայաստան գալ։ 

 

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից, ի թիվս մի քանի այլ մրցանակների, առանձին մրցանակի արժանացավ Դանիան ներկայացնող Ռանդի Կորներուպ-Բենգը, որը ներկայացնում է  ֆոտոշարք, թե ինչպես են ապրում քաղցկեղով հիվանդ կանայք, նրանց դժվարությունները, կյանքը։ 

 Արտակ Թովմասյանը ևս ողջունեց փառատոնի մասնակիցներին, հյուրերին, նշելով, որ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը» ուրախ է աջակցել ու առաջ տանել այսպիսի գեղեցիկ գաղափարները։

«Շնորհակալություն Տաթևին, քանի որ եթե չլիներ նրա մեկնարկը, ապա այս ֆոտոֆեստիվալը դեռ երկար տարիներ Հայաստանում տեղի չէր ունենա։ Լուսանկարչությունը շատ կարևոր մասնագիտություն է։ Մեկ նկարով դու կարող ես տալ էմոցիաներ, երջանկություն ու կիսվել ամբողջ աշխարհով»,-ասաց Արտակ Թովմասյանն ու հույս հայտնեց, որ հաջորդ տարի ևս կլինի ֆոտոփառատոնը, համագործակցությունն առավել կխորանա ու հնարավոր կլինի առավել շատ հյուրերի ընդունել Հայաստանում։

 

 Նշենք, որ all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր և վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ: