ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, այսօր՝ օգոստոսի 28-ին, խմբակցության փակ նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ սա արձակուրդից առաջ իրենց պաշտոնական հանդիպումն է, քննարկելու են առաջիկա անելիքները։ 

Դիտարկմանը, թե Ամուլսարի հարցում նա ինչ դիրքորոշում ունի, Մակունցը պատասխանեց․ «Նախ, եթե նկատի ունեք ֆեյսբուքյան իմ գրառումը, ապա այնտեղ հստակ նշված է, թե ես ինչ եմ նշել։ Կառավարությունը հակապետական, ապազգային որևէ որոշում չի կայացնի»։

 

Հարցին, թե ինչու որոշվեց հետաձգել Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը, Մակունցն ասաց․ «Եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով  պետք է անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ էդպես էլ պետք է լինի, որովհետև եթե նախարարությունը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի սահմանադրական դատարանում, այնուհետև նոր հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչու է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»: