Այն, ինչ տեղի ունեցավ «Էլարդի» ներկայացուցիչների հետ տեսակապի ժամանակ, արդեն իսկ գրված էր «Էլարդի» եզրակացության մեջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարին, նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ տեսակապի ընթացքում տեղի ունեցածն իրեն չի մտահոգել:
Հարցին, թե այդ տեսակապից հետո Քննչական կոմիտեի կողմից տրված դրական եզրակացությունն ի՞նչ հարցեր առաջացրեց, ինչ են մտածում իշխանությունները, Ավինյանն արձագանքեց, որ դա իրավական գնահատական տալու խնդիր է. «Չեմ կարծում, որ ես կարող եմ իրավական գնահատական տալ»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա պարտադրանք, որ Հայաստանը պետք է անպայման Ամուլսարի հանքը շահագործի, փոխվարչապետը նշեց. «Միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր: Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը: Որևէ այլ շահագրգռվածություն չունեմ և չեմ կարող ունենալ»:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք կողմ է, որ հանքը շահագործվի, թե ոչ: