ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը, խոսելով վարաչապետի հայտարարությունների մասին, նշեց, որ դրանք կանխատեսելի էին․
«Նրա ելույթը կազմակերպված էր հարցը մեղմելու համար, թե տեսեք՝ նաև «ԷԼԱՐԴ»-ի հետ ենք ուզում խոսել, և նրա կարծիքը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Սակայն, բազմիցս ասվել է, որ ՇՄԱԳ-ի փոփոխություն է պետք անել, եթե չարվի, ուղղակի չի կարելի թույլ տալ հանքի շահագործումը։ Այսօրվա ելույթը բացառեց «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը, և նորից խոսեց նրա մասին, որ եկեք թույլ տանք թող աշխատեն, թող փորձագետները նորից նայեն։ Այս թնջուկը շարունակվելու է այնքան, մինչև մեղմվի ժողովրդի զայրույթը, սակայն ես չեմ կարծում, թե կմեղմվի, հատկապես, որ Ջերմուկի բնակիչներն ավելի լուրջ են արձագանքել՝ ասելով, որ արդեն կանանց ու երեխաների հետ են փակելու ճանապարհը»,- ասաց Ադամյանը։
Նա հակադարձեց վարչապետին՝ նշելով, որ իրավական ու բնապահպանական բոլոր հիմքերի մասին բնապահպան Նազենի Վարդանյանը շատ վաղուց է ասել, թե որ հիմքերի հիման վրա պետք է մերժվեր Լիդիանի գործունեությունը Հայաստանում․ «Ուրալի բավականին մեծ քանակության պարունակություն կա հանքավայրում, որի մասին ոչ մի բառ գրված չէ շրջակա միջավայրի փորձաքննություններում, «ԷԼԱՐԴ»-ի փորձագիտական խմբի եզրակացության մեջ ևս։ Կարծում եմ՝ վարչապետը շատ լավ պատկերացում է, թե ինչ մանիպուլյացիա իրականացնի, որ ժողովրդի գլուխը վարի, և հանքը գործվի։ Ստացվում է, որ երկրի այս ծանր վիճակում մենք 300 000 դոլար գցեցինք ջուրը՝ վճարելով «ԷԼԱՐԴ»-ին եզրակացության համար, և հիմա վարչապետն ասում է՝ նրանց եզրակացությունն էլ հիմք չէ»,- նշեց նա։
Բնապահպանը նշեց, որ Ամուլսարի շուրջ տեղի ունեցողը քաղաքական պրոյեկտ է, որն ուղղակի պետք է կասեցվի։ Ու թեև վարչապետն ասում է՝ ճնշումներ չկան, բայց բնապահպանը վստահ է՝ կան, որովհետև հերքելու հետ միասին նշում է, որ հանքը չշահագործելու դեպքում՝ որոշ տնտեսվարողներ կարող են իրենցից հեռանալ։
Անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հետ կապված աղմկահարույց դեպքերին, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը՝ Ադամյանը նշեց․ «Իվանյանն ի սկզբանե ասել էր, որ նախկին նախարարի բարեկամն է, և սա անիմաստ թնջուկ ու խառնաշփոթ է, որի մեջտեղում հայտնվեց նա։ Ամուլսարի հետ կապված 3 կետ կար՝ «ԷԼԱՐԴ»-ը, որը եզրակացություն տվողն էր, մեջտեղում եղել են մեր տեղական փորձագետները, որոնք կարդացել են այդ եզրակացությունը և դրա հիման վրա եզրակացություն գրել, այնուհետև տվել են պարոն Իվանյանին։ Սակայն, վերջինս ի վիճակի չէ դա վերլուծել, քանի որ նա կարող է միայն իրավական հարցեր վերլուծել, իսկ եզրակացություններ պետք է տան փորձագետները։ Մեղադրել մարդուն մի բանի մեջ, որից իրազեկ չէ, ճիշտ չէ։ Նրան որտեղի՞ց այդքան ռիսկ, որ ինքնագլուխ նման եզրակացություն կարդար։ Տեսնելով, որ Ամուլսարի շուրջ սկանդալը չի հանդարտվում, սկսեցին քլնգել և ամբողջ մեղավորությունը բարդել Իվանյանի վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը։