Համացանցում մեծ աղմուկ են բարձրացել Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան էջի հետևյալ գրառումները՝ «ով ինձ զոմբի կասի, իրա...», «ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի»։

 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանը, մեկնաբանելով գրառումները, նշեց, որ դրանք պատասխանն են պատերի տակ արված արտահայտությունների․ «Երևի հանրապետականները սովորել էին՝ ով ում ինչ ասի, պետք է սուս մնա։ Իրենց համար խորթ է եղել, որ պատերի տակ արված արտահայտությունների համար պատասխան են ստացել, և ծանր են տարել։ Գրառումներս ուղղված են հանրապետականներից շատերին, որպեսզի չհամարձակվեն պատերի տակ վարչապետի կամ կուսակցության հասցեին վարկաբեկող բաներ ասեն։ Ես Քոչարյանի աջակիցներից որևէ մեկին երբեք թույլ չեմ տվել ասել զոմբի, լավագույն դեպքում կարող եմ ասել՝ մեղք եք, կործանվելու եք։ Իսկ զոմբի նշանակում է՝ առանց հասկանալու՝ ինչ ասեն, իրենք անելու են, ռոբոտի պես էլի։ Ասելիքս միանշանակ հասած կլինի հասցեատերերին»,- ասաց նա։ 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ փոխթաղապետներն առաջին անգամ չէ, որ իրենց գրառումների համար քննադատության թիրախում են հայտնվում, իսկ հետո պատճառաբանություններ հորինում, Պողոսյանն ասաց․ «Հեռախոսս չեմ կորցրել, գրառումն էլ ես եմ արել։ Երբ մարդուն արած գործի համար չեն կարողանում կպնել, հիշում են՝ կարելի է ֆեյսբուքյան գրառումները նայել, ո՞նց կարող է թաղապետի տեղակալը զոմբի ասել։ Թաղապետի տեղակալին, նրա ընկերներին կարող են վիրավորել, բայց նա, փաստորեն, մարդ չէ՞, չի՞ կարող պատասխանել։ Գուցե գրածս փոքր-ինչ կոպիտ է ստացվել, բայց այլ բառապաշարով որ գրեի, ասելիքս տեղ չէր հասնի»,- նշեց Պողոսյանը։ 

 

Պողոսյանը հերքեց իր հասցեին արված մեղադրանքները, թե անհարկի աշխատանքից ազատում է մանկապարտեզների տնօրեններին․ «Դրանք չեն համապատասխանում իրականությանը, անգամ մանկապարտեզների տնօրեններն ուզում էին հավաքվել և հակառակ պատասխանը տալ։ Ես, երբ անցել եմ աշխատանքի, մանկապարտեզի տնօրեններին ժողովի ժամանակ ասել եմ՝ մոռանում եք հինը, նոր էջից սկսում ենք աշխատել, և հիմա բոլորի հետ շատ լավ մթնոլորտում աշխատում ենք»,- վստահեցրեց թաղապետի տեղակալը։