Նախօրեին ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը հատուկ եթերում հրավիրել էր «Կրոկուս Սիթի Հոլ»-ի աշխատակիցներից մեկին, որն ուղիղ եթերում հայտարարել էր, որ ահաբեկիչները, իբր թե, «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել»։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։
Այս իրարանցումը ստիպել է «Дождь»-ի խմբագրությանը հեռացնել ադրբեջանցու այդ պնդումն իրենց ուղիղ եթերից, իսկ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն ներողություն է խնդրել։
«Երևի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես «Կրոկուսի» ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն և հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաև առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին:
Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Երբ լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծեց, որ դա անհիմն է։ Մենք այս անձին եթերից հանեցինք և այս հատվածը կտրեցինք եթերից։ Ներողություն եմ խնդրում Дождь-ի եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»։