ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց: Նրանք դատարանից պահանջում են անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել 2-րդ նախագահին:
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ 2-րդ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականցվում, իսկ գործն ուղղորդվում է վարչապետի կողմից․ «Պատրաստ ենք այստեղ մնալ այնքան, մինչև մեր պահանջը կատարվի և անհապաղ ազատ արձակվի նախագահ Քոչարյանը»,- հայտարարում են նրանք:
Ռոբերտ Քոչարյանին իր աջակցությունն է եկել հայտնելու իր զինակից ընկեր, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը․ «Նման դրսևորումն այսօրվա իշխանության, կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Նման դրսևորումը ազդակ է կոնկրետ յուրաքանչյուր ազատագրական պայքարի դուրս եկած ազատամարտի մասնակցի գաղափարի, պայքարի տեսակի դեմ։ Այս մեսիջներով կոնկրետ բոլորը պետք է միասնական բռունցք դառնան, որովհետև այսպես հերթով բոլորին է սպասվում այս ամենը, և ոչ ոք ապահովված չէ դրանից։ Բոլորին ներկայիս դասալիքները կարող են բերել նույն խնդրին»,- ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանի դեմ կատարվողը օրենքի և բարոյական նորմերի խախտում է։
Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդումը շարունակական բնույթ կկրի. «Որսը սկսվել է շատ վաղուց, ինչ իշխանափոխությունը տեղի ունեցավ, որսը սկսվեց։ Բայց դա որս չի, դա տգիտություն է. որսն անում են կենդանական աշխարհում»,- նշեց նա։