Նիկոլ Փաշինյանի հրամանով իր իսկ քավոր Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Լուրը հաստատում են Yerkir.am-ի աղբյուրները՝ Տավուշից:

Նաև տեղեկացնում են, որ Հայկ Ղալումյանն ու համայնքի՝ օրերս հրաժարական ներկայացրած ղեկավար Վարդան Ղալումյանը, հորեղբոր թոռներ են: Իջևանում խոսում են, որ վերջին շրջանում Հայկը անընդհատ հորդորել է Վարդանին, որ հրաժարական տա, բայց տեսնելով, որ չի անում, հրահրել է, որ ստուգումներ սկսվեն նրան պատկանող ձեռնարկություններում, մինչև որ վերջինս հրաժարվել է պաշտոնից:

Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը ստուգումները հրահրել է նաև իր հարազատ եղբայր՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով՝ ասում են իջևանցիները:

Նրանց հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից է և նախկինների օրոք՝ 2001-2008 թթ-ին եղել է Տավուշի Ընտրատարածքային ընտրական հանձնաժովի նախագահը:

Իջևանցիներին կասկածելի է թվում նախկին՝ Հանրապետական իշխանությունների հետ Փաշինյանի կապը՝ ՀՀԿ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից մեկի որդուն իր քավորը նշանակելու առումով: Նրանք ասում են՝ Նիկոլին թվում է Իջևանն իր հոր բոստանն է, պաշտոնյաներին փոխում է սեփական քմահաճույքով՝ անտեսելով քաղաքացիների կարծիքն ու ընտրությունը:

Ի դեպ, Վարդան Ղալումյանը մինչև այսօր չի միացրել բջջային հեռախոսը: Հրաժարական ներկայացնելու պահից նա բոլորի համար անհասանելի է: