«Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ արված այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը։ «Կա՛նգ առ»,- այսպիսին էր վերջինիս խորհուրդ-հորդորը վարչապետին, ըստ երևույթին, նրանց միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ունեցած քննարկումներից հետո։ Իսկ, թե ի՞նչ զրույց են ունեցել պաշտոնյաները դեռևս հայտնի չէ, բացառությամբ որոշ ենթադրությունների։
Սակայն, ուշագրավը Վանեցյանի հայտարարության տեքստում արված հետևյալ նախադասությունն է՝ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։ Հաշվի առնելով, որ սպայի ուսադիրներ կրում են նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հետաքրքիր է՝ ինչ կարծիքի են նրանք հրաժարական տալ կամ չտալու վերաբերյալ, ուստի այս առիթով ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ այս երկու գերատեսչությունների խոսնակներից։
«Եթե նման բան լինում է, դա հրապարակվում է։ Ո՛չ, նման բան չկա»,- հարցը ամբողջությամբ չլսած ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ավելին՝ ավելացրեց, որ Ոստիկանության լրատվական վարչության պետը չի կարող մեկնաբանել ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ ելույթը․ «Ըստ օրենսդրության և կանոնակարգի՝ ցանկացած գերատեսչության ծառայություն պատասխանում է գերատեսչությանը վերաբերող հարցերին»,- ասաց Ահարոնյանը։
Արծրուն Հովհաննիսյանը ևս հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ հարցը քաղաքական է։
Նման զարգացումների ֆոնին բոլորին հետաքրքրում է մի հարց՝ ո՞վ է փոխարինելու Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Որպես իշխանությունների ցանկալի թեկնածու, մամուլում արդեն իսկ շրջանառվում է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ ԼՈՒՐԵՐ․com—ը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու՝ արդյոք նման առաջարկ ստացե՞լ է և արդյոք իր հետ քննարկումներ եղե՞լ են, սակայն վերջինս հրաժարվեց այս հարցի հետ կապված մեկնաբանություն տալ․ «Հաշվեք՝ չենք զրուցել»,- կարճ պատասխանեց նա։
Սոնա Հարությունյան