Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 30-ին հանդես եկավ առաջիկա նախագահական ընտրություններում ազգային միասնական օրակարգ ձևավորելու կոչով, որի հասցեատերը կարող է դառնալ հանրապետությունում գործող քաղաքական ուժերից յուրաքանչյուրը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սեպտեմբերի 10-ից սկսել է Արցախի քաղաքական ուժերի հետ նախընտրական բանակցությունների փուլը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Մենք հայտարարել էինք, որ Արցախի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո սկսելու ենք խորհրդակցություններ անցկացնել խաղադաշտում գործող քաղաքական ուժերի հետ: Այդ առումով մենք արդեն ունեցել ենք երկու հանդիպում՝ «Ժողովրդավարական» և «Շարժում 88» կուսակցությունների հետ: Առաջիկա երկու շաբաթում ևս նախատեսում ենք հանդիպել մի քանի քաղաքական ուժերի»,- ասաց Դավիթ Իշխանյանը:
Իշխանյանի խոսքով՝ հանդիպումները համագործակցության ընդհանուր եզրեր ստեղծել են, բայց կան տեսակետեր, որոնք միանշանակ չեն կողմերի համար: Նախընտրական ծրագիրը ՀՅԴ-ն նախատեսում է իրականացնել 2 փուլով: Առաջին փուլն ընթացքի մեջ է, որի միջոցով նախատեսվում է բոլոր կուսակցությունների հետ ճշգրտել համագործակցության հիմնական սկզբունքները: Իսկ նախագահի թեկնածուների հետ կապված քննարկումները տեղի կունենան արդեն երկրորդ փուլում:
«Նախագահի միասնական թեկնածու առաջադրելու մասին խոսել դեռ վաղ է, եթե հանդիպումների, քննարկումների արդյունքում չստացվի համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ և ձևավորել միասնական օրակարգ, ապա Դաշնակցությունը անպայման հանդես կգա իր սեփական թեկնածուով: Այս պահին թեկնածուների անուններ տալ չեմ կարող,- ասաց Իշխանյանն ու հավելեց,- շուտով իրենց կուսակցությունը հանդես կգա այդ մասին հայտարարությամբ»: