Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները մի շարք հարցեր են առաջացրել հանրության մոտ. շատերը վերջին օրերի իրադարձությունները պայմանավորում են իշխանական բուրգում ի հայտ եկած անհաղթահարելի հակասություններով, սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանը պարզապես փորձում է, այսպես ասած, ազատվել հնից՝ ներքաղաքական իրավիճակի լրջությունը և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի, տարատեսակ նոր ֆորմատների ձևավորման հավանականությունը կանխատեսելով, ինչն այսօր ավելի քան ռեալ է, քան երբեք: Արդեն իսկ ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ամուր կանգնում է երկու ոտքերի վրա, կոնսոլիդացման գործընթացը մեկնարկել է, և խոսքը չի վերաբերում միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավանական համախմբմանը: Որևէ կերպ չի կարելի բացառել, որ երևան կգան նաև քաղաքական այլ ձևաչափեր, որոնք քաղաքական գործընթացի այս կամ այն փուլում կմիավորեն ընդհանուր պայքարի համատեքստում:

Կարելի է վստահորեն պնդել, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում արտառոց, եթե չասենք պատմական, իրավիճակ է. արտախորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի ուժեղ և կազմակերպված է, տիրապետում է շատ ավելի ռեսուրսային բազայի, քան խորհրդարանականը, և դա, իհարկե, վկայում է այս պառլամենտի թույլ լինելու և լեգետիմության բաց ունենալու մասին: Պատահական չէ նաև այդ նույն ուժային կառույցների կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

 

Փոփոխությունները միտված էին նրան, որ մասնագիտական չափանիշները այդ պետական մարմինների ղեկավարների նկատմամբ հանվեց, և հավասարեցվեց պատգամավորին հատուկ չափանիշներին, ինչը նշանակում է, որ 25 տարեկանը բոլորած և 4 տարի Հայաստանում ապրած ցանկացած անձ կարող է նշանակվել և՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և՛ ոստիկանության պետ. այդ պաշտոնները դարձան քաղաքական, համապատասխան օրենքի փոփոխության նախագիծ եղավ նաև «Հանրային ծառայությունների մասին» օրենքում։ Այսինքն՝ Փաշինյանը արել է ամեն հնարավոր բան՝ ուժային կառույցները յուրային մարդկանցով համալրելու համար, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Փաշինյանը ձգտում է ազատվել այն բոլոր պաշտոնյաներից, ովքեր այս կամ այն կերպ կապված են նախկին համակարգի հետ: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում բոլոր առանցքային պաշտոնյաներն էլ փորձելու են յուրահատուկ «կամուրջներ» ստեղծել ընդդիմադիր բևեռների հետ, իսկ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր, պատկերավոր ասած, կվառեն բոլոր «կամուրջները», և բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն կադրային սպաներ կամ պրոֆեսիոնալներ. նրանք կարող են լինել անգամ ՔՊ-ից, միակ անհրաժեշտ պայմանը, որը վերջիններիս կներկայացնի Փաշինյանը, հավատարմությունն է և իր կամքի անխոս կատարումը: