Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,

Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,

Պատվավոր պետական այրեր,

Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին Սոլիս,

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,

Գերաշնորհ հոգևոր հայրեր,

Ձերդ Գերազանցություններ,

Ընտրյալ և առաջադրված պաշտոնյաներ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու և մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:

Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից' ես կցանկանայի նաև իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին և Հիլդա Սոլիսին' հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, և ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության և Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի և Կալիֆորնիայի միջև կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին' մեզ հետ այսօր լինելու համար:

Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական և ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար:

Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական և փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:

Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող և օգտակար է:

Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:

Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի և Լոս Անջելեսի միջև Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի և ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի' այս համագործակցությունը խթանելու և ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:

Այս այցի ընթացքում մենք ևս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆորնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարևոր պայմանագրերի կնքման արարողությունը' ուղղված մեր առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային և ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու և այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երևակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները և մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի միջև ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջև ավելի ինտենսիվ շփումների համար։

Կցանկանայի նաև հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին' այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաև մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին և այս գեղեցիկ քաղաքին:

Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆորնիայի հանձնախմբում, Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրի կենտրոններում, արվեստի և մշակութային փոխանակման օջախներում, և իհարկե, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում:

Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ և համատեղ ջանքեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։

Ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։