Սեպտեմբերի 22-ին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն՝ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Տարոնի բաժին է ինքնակամ ներկայացել Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ 31-ամյա Ալեն Վարդանյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 19-ին Երևանում հաշվառված 28-ամյա Գևորգ Սահակյանի նկատմամբ իր մոտ եղած «Չերչիլ» տիպի որսորդական հրացանով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։ Այդ օրը Ա․ Վարդանյանը Վանաձորում կրակել էր Գ․ Սահակյանի վրա, որը «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները անհրաժեշտ առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ում հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձարարությամբ՝ սանավիացիայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Ա․ Մանթաշյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Ա․ Վարդանյանը ձերբակալվել է։
Ավելի վաղ աղբյուրը նաև հայտնել էր, որ, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, հայտնաբերել են սեպտեմբերի 19-ին Վանաձորում սպանության փորձ կատարողի կողմից հանցագործության գործիք օգտագործված «Չերչիլ» տիպի որսորդական հրացանը։ Այն հայտնաբերվել էր գետում, իսկ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները փնտրում են Վանաձորի բնակիչ 31-ամյա Ալեն Վարդանյանին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու հնարավոր է՝ այսօր քննչական մարմինը միջնորդություն ներկայացնի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Ա. Վարդանյանի նկատմամբ։