Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ծրագիրը իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:
«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին: Հերթագրումները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:
Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա: Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան:
Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ, հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ: Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:
Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:
«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետև պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին: Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:
«Համեմատած 2018 թվականի հետ, 2020թ. առողջապահության ոլորտի բյուջեն նախատեսում ենք եռապատկել և հատկացնել ժամանակակից ու արդիական սարքավորումներ, որ մեր պոլիկլինիկաները լինեն զինված սարքավորումներով և մատուցեն բարձրորակ բուժծառայություններ»,- նկատում է Սերգեյ Հարությունյանը: