ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ապրանքների հավաստագրման լաբորատորիաների աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող փորձարկումների ճանաչելիության բարձրացման ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկում: Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
« Հայաստանում նախատեսվում է ստեղծել eLAB էլեկտրոնային համակարգ և որակավորման ստուգման ծրագրեր իրականացնող ու միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչություն: Վերջիններս մեր լաբորատորիաների հայկական ապրանքների հետազոտական արդյունքների նմուշները հետազոտելու են և հետագայում հաստատելու են, որ մեր լաբորատորիաներից տրված արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Դրանից հետո Հայաստանի լաբորատորիաներից ներկայացված ապրանքների հետազոտման արդյունքների ընդունումը եվրոպական շուկաներում ավելի դյուրին կլինի»,- ասաց Ազիզյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև 2019 թվականի վերջը Հավատարմագրման ազգային մարմինը կդառնա եվրոպական հավատարմագրման համակարգի լիիրավ անդամ:
«Այս պարագայում Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված լաբորատորիաները կընդունվեն նաև եվրոպական երկրներում»,- եզրափակեց Ազիզյան: