Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոնկարիչների և մուլտիպլիկատորների պրոֆեսիոնալ գիլդիայի նախաձեռնող խումբը և գիլդիայի նորընտիր նախագահ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 1-ին հետաքրքիր քննարկում են անցկացրել: Առաջարկվել է մուլտիպլիկատորների պրոֆեսիոնալ գիլդիա ստեղծել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունից, նախաձեռնող խմբի առաջարկով գիլդիան պետք է համախմբեր կինոնկարիչներին և մուլտիպլիկատորներին, սակայն, նկատի առնելով նեղ մասնագիտական, ստեղծագործական և արտադրական բազմաթիվ խնդիրները, դրանց փոխգործակցության մի շարք հարցեր, որոշում է կայացվել կինոնկարիչների գիլդիայում համախմբել կինոնկարիչների, զգեստների նկարիչների, դիմահարդարների և հարակից այլ կինոմասնագիտությունների կրողներ: Մուլտիպլիկատորներին կառաջարկվի ստեղծել առանձին պրոֆեսիոնալ գիլդիա, որպեսզի այն ավելի արդյունավետ գործունեություն կարողանա ծավալել:

Մուլտիպլիկատորներին առաջարկվում է սկսել գործընթացը:

Գիլդիաները բաց են անդամակցության համար: Բոլորը կարող են դիմել ստեղծված պրոֆեսիոնալ գիլդիաներում ընդգրկվելու, իրենց պրոֆեսիոնալ շահերի պաշտպանության, ստեղծագործական և այլ հարցեր քննարկելու, որոշելու համար: Այսօր ընթանում է գիլդիաների ձևավորման գործընթացը, ստեղծվում են գիլդիաների գործունեությունը կանոնակարգող կարգերը և այլն: