Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր: Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը:
Քարդաշյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի քննադատական գրառմանը այն մասին, որ Քիմը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի արտադրություն հիմնել Թուրքիայում:
Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար, նկատել էր, որ նա ծրագրում է արտադրությունը հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով:
«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար: Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ մատերիալից, սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,- նշել է Քարդաշյանը: Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:
«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը: Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը:
SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում:
Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: