Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ծրագիր են մշակել, որով նախատեսվում է մինչև 2025 թվականը ստեղծել ընդհանուր համակարգ ծառայությունների ոլորտի համար:

 

Այս մասին Արդյունաբերողների և գործատուների միության 7-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վոլովայան: Նա տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում որոշվել է ընդհանուր շուկա ստեղծել մի շարք ապրանքների, ինչպես նաև ծառայությունների համար:

 

«Մենք չունենք միասնական շուկաներ որոշ ոլորտներում, ինչպես օրինակ ալկոհոլի կամ դեղերի շուկաները: Բանակցությունների արդյունքում մենք որոշեցինք ունենալ ընդհանուր շուկաներ այդ ապրանքների մասով: Մեծ աշխատանք է տարվել ծառայությունների ոլորտում ընդհանուր շուկա ունենալու համար: Մեր առջև հավակնոտ խնդիր ենք դրել ոլորտ առ ոլորտ հասնել նրան, որ ունենանք ընդհանուր համակարգ ծառայությունների ոլորտում: Դրա համաձայն' ցանկացած կազակերպություն, որը լիցենզիա է ստանում իր պետությունում, կկարողանա ծառայություններ մատուցել ամբողջ միության տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

 

ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հատկապես ուշադրություն է դարձվել ֆինանսական ծառայությունների ոլորտին: «Ինչ վերաբերում է ֆինանսական ծառայություններին, մենք խնդիր ենք դրել 2025 թվականին ունենալ ընդհանուր շուկա:

 

Այսինքն' ցանկացած բանկ, որը ստեղծված է Հայաստանում և ունի Կենտրոնական բանկի լիցենզիան, կարող է առանց հավելյալ լիցենզիաների աշխատել ամբողջ միության համար: Կարծում եմ' սա կհետաքրքրի Հայաստանի բանկային բիզնեսներին, քանի որ, որպես տարածաշրջանում ֆինանսական կենտրոն, ձեզ համար բացվում են մեծ հնարավորություններ» ,- ասաց Վոլովայան:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները Հայաստանում են' մասնակցելու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարին: Դրա շրջանակում անցկացվում է նաև սեմինար-քննարկում' կապված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: