«Երբ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չէ, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, ես ասում եմ՝ նրանք շատ ուժեղ հակահարված կստանան։ Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ»,- նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով պետություն-եկեղեցի հարաբերությունները։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը նշեց, թե իր համար անհասկանալի է, թե հոգևորականները պետության դեմ ի՞նչ կարող էին անել կամ ի՞նչ կարող են անել․ «Որևէ հոգևորական քաղաքականությամբ չի զբաղվում։ Որևէ հոգևորական, ինչպես նաև հայ-առաքելական եկեղեցին բոլոր ժամանակներում և մանավանդ այսօր ոչ թե ծառայում են և աշխատում են ընդդեմ պետության ու պետականության, այլ ընդհակառակը՝ հանուն պետության և պետականության՝ հաշվի չառնելով և նկատի չունենալով, թե ղեկավար պաշտոններում որպես ղեկավարներ անձինք ովքեր են։ Եկեղեցու համար շատ կարևոր է և՛ մեր պետությունը, և՛ մեր պետականությունը, և՛ անկախությունը։ Իսկ եթե ոգևորականը ոչ հարիր կեցվածք է ընդունում, այդ հոգևորականին ոչ թե ծնկի են բերում, այլ Մայր աթոռը կամ եկեղեցին ինքն է Վեհափառի առաջնորդությամբ կարգի հրավիրում։ Հոգևորականներ ասվածն ընդհանուր է, եթե կան այդպիսիք, թող հնչեցնեն անունները, բայց որևէ հոգևորական չկա, որ պետության դեմ կցանկանա գործել կամ կուզենա ունենալ թույլ պետություն։ Ընդհակառակը, մենք ամեն օր աղոթում ենք, որ մեր պետությունը լինի ամուր, ուժեղ և հզոր»,- նշեց քահանան։
Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, թե իրենց կառավարությունը համեմատում են նախկինների հետ և տպավորություն է, թե նոր կառավարությունը թույլ է, Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց․ «Մեզ համար նախկին և ներկա կառավարույթուն չկա, մեզ համար կա հայոց պետականություն, և մեզ համար սրբազան պարտք է ծառայել պետականությանը և ուժեղացնել այն»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց նաև՝ եթե պարզվի, որ ժողովուրդն ուզում է՝ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի՝ ժողովրդի պահանջը ինչպես բավարարի և ինչպիսի գործնական հնարավորություններ կան դրա համար։ «Եթե նման պահանջ լինի, թող քննարկեն եկեղեցու պատկան մարմինների, ղեկավարների հետ և փորձեն լուծում գնել»,- ի պատասխան վարչապետի՝ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Սոնա Հարությունյան