Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

Փաշինյանի հարցը վերաբերում էր «Փակ շուկայի» շուրջ ստեղծված հարցին. «Ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները»:

 

Վերջինիս ի պատասխան' վարչապետն ասաց. «Մշակույթի և քաղաքաշինության նախարարներն ինձ զեկուցել են, որ իրենց վերապահված լիազորություների շրաջանակներում նրանք քննարկել են այս հարցերը, նաև զեկուցել են, որ ունեցել են բանակցություններ քաղաքապետարանի հետ, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որը հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»:

 

Արձագանքելով վարչապետի պատասխանին' Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, Ձեր' Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան այսօրվա պատասխանը: Դուք ասում եք' զեկուցել են Ձեզ, ինչ են զեկուցել, հիմա հասկանալի չէ, ես հիմա հասկանում եմ, որ դուք ուղղակի հերթական անգամ չունեք պատասխաններ, և ուղղակի ամբիոն ենք բարձրանում ինչ-որ ժամանակ լրացնելու համար:

 

Գոնե 3 րոպե խոսեիք, կհասկանայիք, որ ինչ-որ բան ունեք ասելու: Ես այս ամենից հետո ստիպված եմ արձանագրել, որ Ձեր կառավարությունն ի զորու չէ իրականացնել օրենքով նախատեսված գործառույթներ, որոնք հակասում են, ասենք, «օլիգարխների»' ոչ թե շահերին, այլ' քմահաճույքներին, որովհետև կա ակնհայտ մի բան, որ կառավարության քննարկման ժամանակ դուք ասում էիք, որ ժողովուրդը ձեզ վստահության քվե է տվել, ես ցույց տվեցի, որ ձեր կառավարությունից ոչ մեկ ոստահության քվե չի ստացել»։

 

Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց. «Ձեզ համար ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ հարց է քննարկվում ԱԺ-ում, ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, ձեզ հետաքրքրում են այն գնահատականները, որոնք դուք եք տալիս: Ցանկացած հարցի շուրջ մենք լսում ենք նույն ձեր գնահատականները և ձանձրացել ենք ձեր գնահատականներից»: