ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ, առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:
 
ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր և իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն է ստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացման համար:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, և նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարանի տարածքային զարգացման թեմային. տիկին Մարկիդեսը հույս է հայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել և ավելացնել ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու և ավտոկայանման հարցը պատշաճ կարգավորելու շուրջ:
 
Եզրափակելով հանդիպումը՝ նախարար Ա.Հարությունյանն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամ այցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարևորության մասին: