Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Այս մասին այսօր՝ Կալիֆորնիայում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնի առթիվ արած այն հայտարարությունը, որ հասարակության մեջ բաժանարար գծերը թշնամու կրակոցից էլ վտանգավոր են։

«Սերժ Սարգսյանը, իր փեսա Միքայել Մինասյանը, մյուս եղբայր Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցված, ընթացքի մեջ են, հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ։ Իրենք մտածում են՝ ՀՀ-ում կարող են քաղաքական գործունեությամբ զբաղվե՞լ»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀ-ում քաղաքական հեռանկար չունեն․ Իհարկե, Փաշինյանը փորձում է ևս մեկ անգամ արդեն ԱՄՆ-ից մեսիջ հղել, որ հնի վերադարձ չի լինելու, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանի ընտանիքը այդչափ կոռումպացված է, ապա ինչու հեղափոխությունից մեկուկես տարի անց այդ թալանված գումարները ամբողջ ծավալով չեն վերադարձվել պետական բյուջե:

Բացի այդ, ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին, ապա պետք է փաստել, որ քաղաքականություն մտնելու համենայնդեպս ակնհայտ ցանկությունը Քոչարյանը չի ունեցել, մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը, որը երկրորդ նախագահաը համարել է շինծու և հայտարարել քաղաքական գործունեության վերսկսման մասին: Ինչպես ասում են՝ եթե չլիներ մի կողմի բզբզոցը, դժվար թե մյուս կողմը մտածեր քաղաքական օրակարգի մասին: Սակայն այսօր էլ Փաշինյանը կարծես թե նույն սխալն է կրկնում, խոսքը մասնավորապես ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններն էին:

Եթե Վանեցյանի հրաժարականի տեքստը անձնավորված չէր, և այնտեղ որևէ մեկը թիրախավորված չէր, ապա Փաշինյանի ելույթն ավելի քան նպատակային էր և դիպչում էր ամենանուրբ լարերին՝ սպայի պատվին: Ուշագրավ է Փաշինյանի համեմատությունը, որը Վանեցյանին նույն հարթության վրա է դրել 1991-ի ԳԿՉՊ-ի հետ։ Այս համեմատությունն ինքնին ենթադրում է, որ վարչապետը Վանեցյանի գործողություններում տեսել է կամ հիմա էլ տեսնում է հեղաշրջման ռիսկ։ Գուցե Փաշինյանի համար վերջին ազդակն է հանդիսացել վերջերս Արթուր Ջանիբեկյանի հետ հրապարակած լուսանկարը, վերջիններս միասին ֆուտբոլ էին խաղում: Առաջին հայացքից անմեղ մի հանգամանք, որը սակայն ստանում է քաղաքական երանգավորում, երբ հիշում ենք, որ Ջանիբեկյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հիմնական բիզնես պարտնյորն է: Վանեցյանի պատասխանը, ի դեպ, չուշացավ. վերջինս մեսիջ հղեց Փաշինյանին, որ իր անունը շահարկելու դեպքում խոսելու է, հասկանալի է իհարկե, թե հսկայական ծավալի գաղտնի տեղեկատվության տիրապետող նախկին պաշտոնյայի խոսելը ինչ հետևանք կարող է ունենալ ներքաղաքական գործընթացների վրա: