Հայկ Հարությունյանը չի բողոքել, նա առհասարակ բողոքող անձնավորություն չէր, պարզապես մտահոգ էր իր պետության ճակատագրով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ հարուցելուն՝ Բաղդասարյանն ասաց. «Մեկնաբանությունների մեջ պետք է զգույշ լինենք, որովհետեւ նախաքննությունը պետք է պարզի: Այսօր մենք պարզապես պետք է շատ ծանր կորստի հետ կապված սգանք, քանի որ շատ առողջ, լուրջ պետական մտածելակերպ ունեցող եւ սպային վայել հատկանիշներով անձնավորություն էր»:
Հարցին՝ վերջին անգամ երբ է հանդիպել Հայկ Հարությունյանին, արդյոք խոսե՞լ են «Մարտի 1-ի» գործի շուրջ, Բաղդասարյանն ասաց՝ 1 ամիս առաջ էր հանդիպել, շատ բարձր տրամադրություն ուներ. «Նա չի բողոքել, նա առհասարակ բողոքող անձնավորություն չէր, պարզապես մտահոգ էր իր պետության ճակատագրով: Գիտեի, որ հարցաքննության են կանչել, բայց քաղաքական թեմաներ մեր սեղանի շուրջ չեն քննարկվել»: