Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։
Թուրքագետ Հակոբ Չակրյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է քուրդ-թուրքական երկարամյա բախումների մասին, որոնցից մեկն էլ երեկվանից ընթանում է Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր, Աղր նահանգներում։
Չակրյանը հաստատում է, որ բախումներ Թուրքիայի և քրդական կուսակցության միջև բազմիցս տեղի են ունեցել նախորդ երեսնամյակի ընթացքում, և երեկ սկսված ռազմական գործողությունը զարմանալի չպիտի լիներ ոչ մեկի համար:
«Առաջին զինյալ գործողությունը սկսվել է դեռ 1984 թ-ին: Այսքան տարի անընդհատ բախումների արդյունքը, սակայն, զրո է: Թուքիայի իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում արմատախիլ անել կուսակցությանը, ու վերջ տալ նրանց գործողություններին»,-նշում է թուրքագետը:
Թուրքագետի պնդմամբ` կուսակցության պահանջը պայքարի առաջին 10-15 տարիներին իրենց՝ քրդերի իրավունքները պաշտպանված տեսնելն էր, որ, օրինակ, ազատ կարողանան խոսել իրենց լեզվով: Իսկ արդեն վերջին 10 տարվա ընթացքում քրդական կուսակցությունը Թուրքիայի իշխանության համար ավելի մտահոգիչ պահանջ է ներկայացնում.
«Վերջին 10 տարիների ընթացքում նրանք պահանջում են նաև չխոչընդոտել իրենց՝ Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարություն ձևավորելու գաղափարին, սա էլ բարկացնում ու լրջորեն անհանգստացնում է թուրքական իշխանություններին: Հիմնական վտանգն այն է, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, նույնիսկ արևելյան շրջաններում, բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են: Թուրքիայի իշխանությունը վախենում է քրդերի՝ ինքնավարության գաղափարի շուրջ համախմբումից և ռազմական գործողություններն այդ համախմբումը զսպելու համար են: Հայաստանին վտանգ չի սպառնում այս մասով»:
Այն հարցին, թե ինչ նպատակի ծառայեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայում ունեցած ելույթում Թուրքիային անդրադարձը, Չակրյանը պատասխանեց. «Փաշինյանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին ելույթով միջազգային հանրությանը նորից հիշեցրեց, որ Թուրքիան կողմ է ճնշումներ կիրառելուն, և երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել հնարավոր չէ հենց այդ պատճառով: Էրդողանն առանց միջազգային լուրջ ճնշումների չի գնա այդ քայլին»:
Անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին՝ ասաց. «Ինչքան էլ այդ մեկ ազգի երկու պետությունները ցույց տան, թե լավ հարաբերությունների մեջ են, միևնույնն է, նրանց միասնական կարգախոսը գործում է միայն այն ժամանակ, երբ խնդրո առարկան Հայաստանն է ու հայատյացության իրենց գաղափարը: Իսկ հայաստանյան իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ճիշտ մարտավարություն է ընտրել և´ Թուրքիայի, և´ Ադրբեջանի հարցում: Թուրքիային ասում է պատրաստ եմ բանակցության, բայց 1915 թվականին հայերի ցեղասպանությունը պիտի ընդունես, Ադրբեջանին ասում է` որոշում կայացնենք, որ ձեռնտու է Արցախի հակամարտության երեք կողմերին՝ Արցախին, Ադրբեջանին և Հայաստանին»: