«Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ
պրն․ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ և ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Սիրելի բարեկամներ,
Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ ցավակցությունները Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։
Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։
Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։
Ժակ Շիրակն ուրույն հետք է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույն կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։
Սիրելի բարեկամներ,
ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս, ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։
Ռոբերտ Քոչարյան
27 սեպտեմբերի 2019թ.
ք. Երևան»: