ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին։ Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: 3 օր անց նրանք կալանավորվել են։
Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի' ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:
Գագիկ Խաչատրյանը 2008 թվականից սկսած զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու ֆինանսաների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարար»: