Հայկ Հարությունյանին ամենամեծ ճնշողն իր խիղճն էր. ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին, ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի: Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ, շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացնել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի, որ մեղավոր է»,- նշեց Քոչարյանը: