Այսօր «Արմօյլ» ընկերության բակում իրենց բողոքն էին ներկայացնում տարածքի բնակիչները: Նրանք պահանջում էին թույլ տալ գործարանի շահագործումը, որով կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նրանց բողոքին ու հարցերին ի պատասխան՝ խոսեց «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին: Բնակիչները հնարավորություն ունեցան շրջայց կատարել գործարանի տարածքով, ծանոթանալ անվտանգության ու, առհասարակ, տեխնիկական համակարգին: Տնօրենը, պատասխանելով բնակիչների հարցերին, պարզաբանեց, որ գործարանի շահագործման դեպքում  համայնքում կավելանա 250 նոր աշխատատեղ:

«Նորեկների համար աշխատավարձը կլինի 100-120 հազար դրամ, հստակ աշխատանք ստանալուց հետո միջին աշխատավարձը կկազմի 200-220 հազար դրամը: Մեր աշխատողները լինելու են այս համայնքից, Եղվարդից, Զովունիից և հարակից  տարածքներից: Արդեն ունենք 500 ռեզյումե մենակ այս տարածքից, 90-ից ավել մարդ մեզ դիմել է «Սեմուր ընդ Կո» ընկերությունից»:

Անդրադառնալով իրենց դեմ բողոքող երկու ընկերություններին՝ ասաց, որ նրանց մտահոգությունը հենց աշխատավարձերն են.«Եթե մենք բացվենք, իրենց բոլոր աշխատողները կգան մեզ մոտ աշխատելու, որովհետև մենք անհամեմատ բարձր աշխատավարձ ենք տալու»:

 

Այն հարցին, թե գործարանն ինչ բնապահպանական խնդիրների կարող է հանգեցնել, Ալֆրեդ Աբեդին ասաց, որ «Արմօյլ»-ը  նավթամթերքի գործարան չէ և վնաս չի հասցնի բնական միջավայրին:

«Մեզ մեղադրում են շրջակա միջավայրի աղտոտման մեջ, ես վստահեցնում եմ՝ բիտումի և յուղի արտադրությունը ՇՄԱԳ փորձաքննության ենթակա չէ: 2014թ-ից բոլոր պատասխանատու մարմինների կողմից, գերատեսչություններից մենք ստացել ենք դրական եզրակացություն: Բիտումն ու յուղը նավթամթերք են, բայց մեր գործարանը նավթամթերքի գործարան չի:  Մենք չունենք մազութ, բենզին, դիզել: Ոչ մի յուղման կետ կամ ասֆալտի զավոդ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա չի»:

Երկրի տնտեսական վիճակին անդրադառնալով՝ գլխավոր տնօրենը պնդեց, որ գործարանի շահագործմամբ տնտեսական զգալի աճ կգրանցվի երկրում:

 

«Նման գործարան տարածաշրջանում գոյություն չունի ոչ անվտանգության, ոչ որակի, ոչ էլ արտադրության առումով: Ունենք բազմաթիվ պայմանավորվածություններ Դուբայի հետ, Գերմանիայի հետ: Մեր՝ Վրաստանի հետ ունեցած պայմանագիրը գործարանի շահագործման հետաձգումների պատճառով, ցավոք, խզվեց, ի դեպ, բավական լուրջ համագործակցություն էր դա: Նույնիսկ եթե հաշվենք, որ ամսական 3000 ֆուռ մեր գործարանի համար մտնելու է Հայաստան, դուրս գա, արդեն պարզ կլինի, թե ինչքան շահավետ է դա մեր պետության համար»:

Մանրամասները՝ տեսանյութերի տեսքով: